Հոկտեմբերի 17-ին Հայաստան Ուրալի տարածքից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը Հայաստանում գործելու է մինչեւ հոկտեմբերի 19-ը ներառյալ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հոկտեմբերի 17-18-ին, 16-ի հետ համեմատած, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Լոռիի, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 1000 մ-ից բարձր բարձրության վրա սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Արագածոտնի, Կատայքի եւ Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտիներում , Վայոց Ձորի նախալեռներում ինչպես նաեւ Երեւանում սպասվում է թույլ անձրեւ: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանակնությունը շատ փոքր է: Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա եւ օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա»,- հայտնում է Գագիկ Սուրենյանը եւ խորհուրդ տալիս վարորդներին հոկտեմբերի 17-19-ին հատկապես Արցախ, Սյունիք, Լոռի եւ Տավուշ երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:




























