Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ, ցույց է տալիս, որ ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տրամագծորեն հակառակ են եւ բացառող:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի համանման հայտաարության, նրան գրողի ծոցն էր ուղարկել՝ ասելով, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ԼՂ հակամարտությունից:
«Սա նշանակում է, որ Ռուսաստանը ինչպես նաեւ Թուրքիան, Հայաստանի հետ ունեն անհամատեղելի շահեր ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Սա չափազանց լուրջ հայտարարություն է, որը պետք է ՀՀ իշխանությունն ականջին օղ անի եւ վերանայի Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները: Պետք է ոչ թե «էստի համեցեք» անել, այլ՝ դեմարշ: Ցավոք, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դիվանագիտական նոտա հղելու դասերից երեւի փախել է: Հայաստանը երբեւէ նոտա չի հղել Ռուսաստանին իր շահերին հակսող հայտարարությունների դեպքում: Այս չորեքթաթ քաղաքաքակության արդյունքում ենք հայտնվել այս իրավիճակում»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Եթե Հայաստանը եւ Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին առանց ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի զգացողություն ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորվման առանցքային պահը»: Նա կարեւոր գործոն էր համարել, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ՝ ապահովելով «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկական, տրանսպորտային, ենթակառուցվածքային»:




























