Սեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը սպասում է Վարչական դատարանի որոշմանը, որից հետո կորոշի Սեւանում իր կողմից բացահայտված ընտրակաշառքի  մասին աղաղակող փաստերը հրապարակի, թե ոչ: «Սպասում եմ հոկտեմբերի 17-ին դատարանի վերջնական որոշմանը: Չգիտեմ` դատարանը ինչ պիտի որոշի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Ղուկասյանը, որը չգիտեր` իրականում դատարանը ինչի վերաբերյալ է որոշում  կայացնելու: 

Օրեր առաջ նա հայտարարել էր, թե դիմել են վարչական դատարան Սեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով` հայցի հիմքում ներկայացնելով ընտրախախտումների, մասնավորապես, ընտրակաշառքի վերաբերյալ իր  բացահայտած «աղաղակող փաստեր»: Մինչդեռ նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, որ ընտրակաշառք չի բաժանել եւ այդ մասին որեւէ ապացույց չունի Ռուդիկ Ղուկասյանը: Նա նշել էր, որ եթե Ղուկասյանը մեկ փաստ ունենար, վաղուց արդեն հրապարակած կլիներ:

«Ինչ էիք կարծում, պիտի ասեր`արե՞լ եմ»,-արձագանքեց Ղուկասյանը:

Հարցին, թե եթե դատարանը իր  օգտին որոշում չկայացնի, պատրաստվո՞ւմ է հրապարակել «աղաղակող փաստերը», Ռուդիկ Ղուկասյանը պատասխանեց. «Դատարանը ինքը պիտի տենց անի, ես չգիտեմ` կհրապարակեմ, թե չէ: Ոչ մի բանից էլ չեմ խուսափում, որ խուսափեի, դատարան չէի դիմի»:

Նա նշեց, որ հանրությանը ապացուցելու բան չունի. «Հանրությունը ո՞րն է, հանրությունը Սեւան քաղաքի բնակչությունն է, որին համոզելու կարիք չունեմ»:

Նախկին քաղաքապետը շեշտեց, որ անկախ այս գործընթացներից չի լքելու ՀՀԿ-ն :

Հիշեցնենք, որ Սեւանի համայնքապետի ընտրություններում երեք թեկնածու էր առաջադրվել, սակայն հիմնական մրցապայքարը Սարգիս Մուրադյանի եւ Ռուդիկ Ղուկասյանի միջեւ էր։  Վերջինս կատաղի պայքար ծավալեց իր մրցակցի դեմ, քանի որ հարազատ կուսակցությունը որոշեց սատարել անկուսակցական Մուրադյանին, իսկ ինքը լինելով ՀՀԿ–անդամ՝ մնաց անպաշտպան։ Ռուդիկ Ղուկասյանը իր կարիերայի ձախողման մեջ մեղադրում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, որն իր վաղեմի հակառակորդն է։ Իսկ Ռաֆիկ Գրիգորյանը Ռուդիկ Ղուկասյանի մասին խոսելիս՝ մատնանշում է Սեւանի անհետացած ստորգետնյա խողովակների  գողության դեպքով հարուցված քրեական գործը, որի շրջանակում ընտրապայքաքարի թեժ փուլում ոստիկանական խմբով Մարտունու քննչական  ծառայություն բերման ենթարկվեց դեռեւս գործող քաղաքապետ Ղուկասյանին։ Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ  մի քանի քրեական գործ կա հարուցված, որոնց Ղուկասյանը դեռեւս վկայի կարգավիճակով է առնչվում։