«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու` Մարմարաշեն գյուղի հատվածում արդեն մեկ ամիս է ընթանում են կամուրջի կառուցման աշխատանքները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարմարաշենցիներից Գեւորգը. «Մեր հաղթանակն է, համարում ենք, որ սա մեր պայքարի արդյունքն է»:

Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու` Մարմարաշեն գյուղի հատվածում ավտոմեքենաների համար շրջադարձը պատրաստ էր, սակայն կամուրջ չկար, որի դեմ գյուղացիները երկար ժամանակ բողոքում էին:

Հիշեցնենք, որ ավտոմայրուղու վրա շրջադարձի բացակայության պատճառով գյուղացիները զրկվել են իրենց հողակտորներ տանող կարճ ճանապարհից, չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ անել: Նրանք պահանջում են կամուրջ կառուցել ավտոմայրուղու վրա:  Մարտի 2-ին գյուղացիները բողոքի ակցիա էին արել, սպառնացել փակել մայրուղին, ինչից հետո մարզպետի տեղակալը հանդիպել էր նրանց, խոսք տվել, որ ժամանակավորապես շրջադարձ կբացեն մայրուղու վրա, ինչից հետո կարճ ժամկետներում կկառուցեն խոստացված կամուրջը: