«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի ծննդյան օրն է այսօր: NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը` Արմենակ Կյուրեղյանը, նշեց, որ Հայկն այսօր դարձավ 33 տարեկան, իսկ կրտսեր որդին` Սերգեյը, որը «Սասնա ծռեր» խմբի անդամ է եւ նույնպես կալանավորված, երեկ է դարձել 27 տարեկան:
«Հայկի հետ դեռ չենք կարողացել խոսել, որ շնորհավորենք ծննդյան օրը, բայց տորթ ենք ուղարկել: Իսկ Սերգեյին տոնական հանձնուք ենք փոխանցել, ընկերներն էլ` տորթ»,-ասաց նա` նշելով, որ Սերգեյն առաջին անգամ է` որ ծննդյան տոնը տանը` ծնողների հետ չի նշել, իսկ Հայկն արդեն երկար ժամանակ:
Նշենք, որ Արմենակ Կյուրեղյանի երեք որդիներն էլ կալանավայրում են: Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյանները «Սասնա ծռեր» խմբի անդամներ են, նրանց խափանման միջոց կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացվել է: Իսկ Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար:




























