Ազգային վիճակագրական ծառայության այսօր` հոկտեմբերի 20-ին հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,8 տոկոսով, այսինքն՝ տնտեսական աճի տեմպը շարունակում է դանդաղել։ Նշենք, որ տարվա ընթացքում ՀՆԱ աճն առավելագույն պիկին հասել է հունվար- մայիսին եւ կազմել 8,8 տոկոս։ Դրանից հետո աճի տեմպը դանդաղել է եւ հունվար-հուլիսին, օրինակ, 4 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսին՝ 3,1 տոկոս։
Հայաստանի կառավարությունն աճի տեմպի դանդաղումը պատճառաբանում է հիմնականում գյուղատնտեսության սեզոնային անկմամբ։ Նշենք, որ գյուղատնտեսության անկումը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 17,9 տոկոս է։ Անկում է արձանագրվել նաեւ շինարարությունում՝ 5,2 տոկոս։ Տնտեսական ոչ բարձր աճը 9 ամսվա արդյունքներով, հիմնականում պահպանվել է արդյունաբերությունում գրանցված բավականին բարձր՝ 10,9 տոկոս աճի շնորհիվ։
Հիշեցնենք, որ Հայաստանի 2010 թ. պետական բյուջեի հաշվարկների հիմքում ընկած է ՀՆԱ-ի տարեկան 1, 2 տոկոս աճի կանխատեսումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս շաբաթ, բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց, որ տարեվերջին սպասվում է 2,4 տոկոս աճ։ Իսկ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման՝ Հայաստանի տնտեսական աճը տարվա կտրվածքով կկազմի մոտ 4 տոկոս։




























