Վայոց Ձորում մեկ տարի առաջ երկու տարեց կնոջ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Ի սկզբանե այս գործով կար երկու մեղադրյալ՝ անչափահասներ Նարեկն ու Սմբատը, սակայն պարզվում է՝ Նարեկը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ավազակային հարձակմամբ զուգորդված Վարդուշ Սիմոնյանի եւ Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի հետ առնչություն չունեցող Սմբատին անհիմն մեղադրել է այդ` առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ՝ դրանց վերաբերյալ բազմիցս գրավոր հաղորդելով իր կողմից տրված ցուցմունքների արձանագրություններում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկը 2015թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 10:30-ից 13:00-ի սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ գնացել է Եղեգնաձորում միայնակ բնակվող, 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի տուն եւ նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք: Վարդուշ Սիմոնյանի առաջարկով մտել է առանձնատան խոհանոց, որտեղ նրա կրած ոսկյա ականջօղերը վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հափշտակելու նպատակով, բռնել է ուսի հատվածից, ուժգնությամբ քաշել, գցել է գետնին, գլուխը հարվածել բետոնյա հատակին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետեւ, Նարեկը Վարդուշ Սիմոնյանի ականջներից հանելով` հափշտակել է ոսկյա ականջօղերը եւ հեռացել` հետագայում դրանք 32 հազար դրամով վաճառել:
Բացի դրանից, Նարեկը մի քանի օր անց դարձյալ այգեգործական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն իրականում ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, գնացել է Վերնաշենում բնակվող, 76-ամյա Գոհար Բարսեղյանին պատկանող հողամաս եւ նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք, ինչին վերջինս համաձայնել է: Նրա առաջարկով բարձրացել է ծառը` խնձոր քաղելու, եւ վերեւից նկատելով Գոհար Բարսեղյանի ոսկյա ականջօղերը` դրանք վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, իջել է ծառից, վերցրել խնձորենուն հենած բահը եւ որպես զենք օգտագործվող այդ առարկայի մետաղյա հատվածով թիկունքից ուժգին հարվածել է Գոհար Բարսեղյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Այնուհետեւ, Նարեկը բերանքսիվայր ընկած Գոհար Բարսեղյանի ականջներից հանելով` հափշտակել է ականջօղերը եւ հեռացել, որոնք հետագայում 28 հազար դրամով վաճառել:
Անչափահաս Նարեկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տեղեկություններով, անչափահասներ Նարեկն ու Սմբատը մեղադրվում են 2015թ. հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին, ապա երեք օր անց էլ Վերնաշեն գյուղի 87-ամյա բնակչուհի Գ. Բարսեղյանին սպանելու եւ ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:
Պատանիները տվել էին խոստովանական ցուցմունք: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Նարեկն ու Սմբատը կալանավորված են:




























