Կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում արագացնել բերքահավաքի աշխատանքները:

Գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Համաձայն Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության`  հոկտեմբերի 17-ին Ուրալի տարածքից  մեր երկիր է ներթափանցելու արկտիկական ճակատ, որը գործելու է մինչեւ հոկտեմբերի 19-ը ներառյալ:

Հոկտեմբերի 17-18-ին` 16-ի համեմատությամբ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում` 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Լոռիի, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 1000 մ-ից ավել բարձրության վրա, սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում եւ դրա նախալեռնային գոտիներում, Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաեւ Երեւանում սպասվում է թույլ անձրեւ:

Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանականությունը շատ փոքր է: Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա, եւ օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում արագացնել բերքահավաքի աշխատանքները»: