Հալեպում ապրող ցանկացած հայ   ցանկության  դեպքում պետք  է ունենա քաղաքից հեռանալու եւ Հայաստան տեղափոխվելու նյութական եւ տեխնիկական  հնարավորություններ: Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» կուսակցությունը (ղեկավարը Վարդան Օսկանյանն է-խմբ):

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հալեպում ակնհայտորեն վիճակն այսօր օրհասական է, եւ հալեպցիների, այդ թվում՝ հալեպահայերի անվտանգությունն էապես խաթարված է:

Դժբախտաբար, Հալեպը դարձել է Սիրիայի հակամարտությանը ներգրավված ուժերի գլխավոր կռվախնձորը, որը եւ էապես մեծացնում է, թերեւս, համեմատաբար քիչ տուժած քաղաքի արեւմտյան հատվածը՝ արեւելյանի դաժան ճակատագրին արժանանալու հավանականությունը:

Համաձայն լավատեղյակ աղբյուրների՝ այսօր Հալեպում դեռ ապրում է 8-10 հազար հայ՝ հիմնականում կենտրոնացած քաղաքի արեւմտյան թաղամասերում: Այս իրավիճակը, բնականաբար, պետք է մտահոգի  բոլորին, եւ ողջունելի են հայկական տարբեր կազմակերպությունների գործնական քայլերը հալեպահայությանն աջակցելու համար:

Հակամարտության առաջին օրվանից էլ հակասական մոտեցումներ են եղել հալեպահայերի՝ քաղաքում մնալ-չմնալու հարցում՝ հաշվի առնելով Սիրիայի կառավարության եւ ընդդիմության՝ այս հարցում ունեցած դիրքորոշումը եւ հնարավոր արձագանքը, ինչպես նաեւ մտահոգվելով հալեպահայ գաղութի դատարկման հեռանկարով:

Հաշվի առնելով այսօր ստեղծված ծանր իրավիճակը՝ խնդրի լուծման բանաձեւը, մեր համոզմամբ, հետեւյալն է. Հալեպում ապրող ցանկացած հայ   ցանկության  դեպքում պետք  է ունենա քաղաքից հեռանալու եւ Հայաստան տեղափոխվելու նյութական եւ տեխնիկական  հնարավորություններ:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, բարեգործական հիմնադրամներին եւ ունեւոր անհատներին գործուն եւ համակարգված աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ խնդրի լուծման համար:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս խնդրի լուծմանը»: