Որպես կանոն, բնակիչներն իրենց տարածքում իրականացվող որեւէ շինարարական ծրագրի մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն սկսվում է եւ այնտեղ վտանգներ տեսնելով՝ սկսում են բողոքել, բայց արդեն ուշ է լինում: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քաղաքապետը հետեւում է Երեւանի մասին սոցցանցերում տարածվող ահազանգերին, որովհետեւ այսօր խոսեց նաեւ Գլխավոր պողոտայի ծառահատման մասին պատմող տեսանյութի մասին ու հարցին, թե ինչու էին այնտեղ ծառը կտրում, պատասխանն այսպիսին էր. «Ունենք բարձրակարգ մասնագետների գրավոր կարծիքը, որի համաձայն՝ ծառը չորացած էր»: Իմ դիտած տեսանյութում ծառը չորացած չէր, եւ այս մասին իմ նկատառմանը քաղաքապետը ցավոք չհակադարձեց, բայց ասաց, որ այդ կարծիքի մասին նախապես պետք էր իրազեկել բնակիչներին ու բողոքը կանխել, ոչ թե հետո արդարանալ:
Նման մի ահազանգ էլ այսօր եմ ստացել Սախարովի հրապարակի վրա Հրշեջների կայանի կողքի կամարից ներս գտնվող շենքերի բնակիչներից այն մասին, որ իրենց բակում կա 4 ծառ, որոնց վայրագաբար ուզում է վերացնել շինկազմակերպությունը: Նույն պատմությունն է ստացվելու:
Տեղին է երեւանցիներին հիշեցնել, որ 30.04.2014թ. Երեւանի ավագանին «Երեւան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» որոշում է կայացրել, որի մասին, կարծես, մոռացել են: Հակառակ դեպքում ամեն երկուշաբթի ավագանու մի այլ որոշմամբ տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու, տուգանքների թվի ու հավաքագրված գումարի մասին զեկույցի կողքին պետք է պարբերաբար զեկուցվեր նաեւ այն մասին, թե համայնքում, վարչական շրջանում որ որոշումների կայացմանն ապահովվեց բնակիչների մասնակցություն, որեւէ տարածքում այս կամ այն ծրագիրը ընդունելիս որքանով հաշվի առնվեցին բնակիչների կարծիքները:
Որպես կանոն, բնակիչներն իրենց տարածքում իրականացվող որեւէ շինարարական ծրագրի մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն սկսվում է եւ այնտեղ վտանգներ տեսնելով՝ սկսում են բողոքել, բայց արդեն ուշ է լինում, թույլտվությունը առկա է լինում, ինչպես դա եղավ Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցի 35/2 հասցեի դեպքում, այն է՝ գազոնի վրա առեւտրի օբյեկտ կառուցելու շինթույլտվություն տրվեց, իսկ ամենազավեշտալին այն է, որ շինթույլտվության մեջ «Հողամասի առկա վիճակը» տողում տարածքի մասին գրված է ՝ հարթ, անբարեկարգ տարածք ու իմ նամակին ի պատասխան տրված տարածքի նկարում երեւում է թեք լանջով, կանաչապատ գազոնը:
Տեսնես ո՞վ ու՞մ է խաբում»:




























