Զինված ուժերի պատրաստության 2016թ. պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հենքի վրա հոկտեմբերի 10-14-ը անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողություններին ներգրավված ստորաբաժանումներն առաջադրված խնդիրներն իրականացրել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:

Զորավարժության ընթացքում խաղարկվել են նաեւ շարք մարտավարական կարեւորության, ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների, փոխգործակցելիության բարձրացման, կրակային խոցման փորձարարական եւ հետազոտական նոր դրվագներ:

Գնդային զորավարժության նպատակներն էին ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը, պաշտպանական եւ հակահարձակողական գործողությունների վարման ընթացքում ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, անձնակազմի դաշտային վարժվածության եւ բարդ պայմաններում գործելու ունակությունների կատարելագործումը:

Զորավարժության ընթացքում կատարելագործվել են նաեւ ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները պաշտպանական մարտի նախապատրաստման եւ վարման, հակագրոհի կազմակերպման ու կրակի կառավարման ուղղությամբ:

Ամփոփելով եւ վելուծելով զորավարժության արդյունքները` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն արձանագրել է, որ առաջադրված եւ զորավարժության պլանով նախատեսված բոլոր խնդիրներն իրականացվել են հաջողությամբ եւ ներգրավված ստորաբաժանումներն ունեն մարտունակության բարձր աստիճան: