Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը,  Պաշտպանի հանձնարարությամբ,  2016 թվականի հոկտեմբերի 17-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած  Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով:

Պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ, աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Կ. Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները:

Կ. Եղնուկյանի 2016 թվականի հոկտեմբերի 7-ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով, հանձնուքով ստանում է նաեւ թորած եւ հանքային ջուր:

Առանձնազրույցի ընթացքում Կ.Եղնուկյանը  ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն  կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու եւ մի շարք այլ հարցերի հետ: