Իլհամ Ալիեւը չի բացառում Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ–ին։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե անհնար է բացառել հետագայում ԵՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը, սակայն առայժմ երկիրն իրեն վստահ է զգում իր ներկայիս կարգավիճակում:
«Այս թեմայով վաղուց է խոսվում՝ եւ՛ փորձագիտական հանրույթի, եւ՛ տարբեր երկրների քաղաքական վերնախավերի շրջանում: Այսպես ասեմ՝ մենք հիմա մեզ բավական վստահ ենք զգում այն որակով, որում այժմ գտնվում ենք… Հետեւաբար դեռեւս պետք է դիտարկենք, թե ինչ միտումներ կլինեն: Իհարկե, եթե Միությունը գրավիչ լինի, այնտեղ շատերը կմտնեն: Այնպես որ, ոչ մի բան բացառել չի կարելի, սակայն ներկայիս փուլը ես կբնութագրեի հենց այսպես»,- հայտարարել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրությամբ հետեւում է եվրասիական տարածքում ընթացող գործընթացներին, որտեղ «բարդություններ կան, որոշակի աստիճանի հավակնություններ»: «Այսօր ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաեւ քաղաքական համագործակցության ձեւաչափը բավական ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար, իհարկե, մոտիվացիա է անհրաժեշտ: Եվ մենք ներկայումս այդ ուղղությամբ ենք աշխատում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ Բաքուն գոհ է իր ներկայիս դիրքով:




























