Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից տուժած 8 ուսանողները, որոնք տեղափոխվել էին Հրազդան բժշկական կենտրոն, դուրս են գրվել: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդները հիմնականում ունեցել են սալջարդեր, իսկ նրանցից մեկը կոտրվածք, սակայն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  20-ամյա Հրանտ Գասպարյանը Հրազդան ԲԿ-ից  տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է:

Երեւան-Սեւան ճանապարահին տեղի ունեցած վթարից մահացել է Վարսեր գյուղի բնակչուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: Վթարի ենթարկված Mercedes Benz Sprinter ավտոմեքենայում եղած երիտասարդները բոլորը Վարսեր գյուղի բնակիչներ են՝ ուսանողներ, որոնք գալիս են եղել դասի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ: