Վերին Լարսի անցակետի մշտական անխափան աշխատանքն ապահովելու համար վրացական կողմը մի շարք ծրագրեր է մշակել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Գիորգի Սագանելիձեն:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Մալխաս Մալաշխիսին:

Սա դեսպանի առաջին այցելությունն է Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ կրում է ճանաչողական բնույթ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԻ նախարարը ներկայացրեց նախարարության կառուցվածքը, ստորաբաժանումները, ծառայությունները եւ գործունեության դաշտը: Նախարար Երիցյանն անդրադարձավ արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցությանը՝ նշելով, որ ԱԻՆ-ը երկար տարիներ սերտորեն համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ մասնավորապես ամենօրյա աշխատանք է տարվում ճանապարհների անցանելիության խնդիրների լուծման եւ դրա վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն ցանկություն հայտնեց էլ ավելի ընդլայնել հայ-վրացական համագործակցությունը: Դեսպանը հատկապես կարեւորեց Վերին Լարսի անցակետի մշտական անխափան աշխատանքը, ինչի համար էլ, դեսպանի խոսքով, վրացական կողմը մի շարք ծրագրեր է մշակել:

Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը շեշտեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը բաց է եւ պատրաստ համագործակցության ընդլայնմանն ու նոր ծրագրերի մշակմանը: