ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը պարզաբանում է  տարածել՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թե այս, թե նախկինում շրջանառության մեջ դրված համանման այլ հրապարակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Դրանք առավելապես միտված են արհեստական սպասումներ առաջացնելուն: Բոլոր ծրագրերը, որոնք անցած տարիներին կյանքի են կոչվել «Տաշիր Գրուպի», «Տաշիր» բարեգործական հիմնադրամի եւ Կարապետյանների ընտանիքի կողմից, պատշաճ կարգով ներկայացվել են մեր հանրությանը՝ առանց ավելորդ զգացմունքայնության եւ ճոռոմաբանության: Այսուհետ եւս բոլոր նախատեսվող եւ իրականացված ծրագրերի ու ներդրումների մասին կտրվի համապատասխան իրազեկում:

Այնպես որ, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ չհավատալ այսպես կոչված «հավաստի տեղեկություններին» կամ «մեր աղբյուրներին» կատարված հղումներով հրապարակումներին եւ ապավինել բացառապես մեր կողմից ներկայացվող պաշտոնական տեղեկություններին»,- ասվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարության մեջ։

Նշենք, որ «Հրապարակ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, թե Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ` շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար:

«Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով: Կարեն Կարապետյանի հույսը հենց այդ ծրագիրն է։

Հետաքրքիրն այն է, որ թե քոչարյանական, թե այս օրերին նախագահի աշխատակազմի ղեկավարը նույն Արմեն Գեւորգյանն է»,- գրել էր թերթը: