Շվեդական ակադեմիան այլեւս չի փորձում կապվել ամերիկացի բանաստեղծ ու երաժիշտ Բոբ Դիլանի հետ, որին մինչ այդ շնորհել էր Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում, հայտնում է BBC–ն։

«Ես զանգահարել ու էլեկտրոնային նամակներ եմ ուղարկել նրա ներկայացուցչին ու ստացել եմ բարյացակամ պատասխաններ։ Առայժմ բավարարվում ենք այդքանով ու ոչինչ չենք ձեռնարկում»,- ասել է ակադեմիայի մշտական քարտուղար Սարա Դանիուսը։

Դեռ հայտնի չէ կներկայանա արդյոք Դիլանը մրցանակաբաշխության արարողությանը, որը դեկտեմբերի 10-ին է նշանակված։ «Եթե չցանկանա գալ, չի գա, բայց նրա պատվին միեւնույն է մեծ երեկույթ է կազմակերպվելու»,- ասել է Դարիուսը։

Դիլանը առայսօր չի մեկնաբանել իրեն մրցանակ շնորհելու մասին նորությունը, որի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 13-ին։

Բոբ Դիլանը առաջին Նոբելյան մրցանակակիրն է, որը գրականության ասպարեզում մրցանակի է արժանացել երգերի տեքստերի համար։ Շվեդական ակադեմիան բացատրել է, որ մրցանակը Դիլանին է շնորհել «ամերիկյան երգեցողության ավանդույթում նոր բանաստեղծական լեզու ստեղծելու համար»։