«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը մասնակցել է նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստին, որի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը: Պատգամավորը NEWS.am-ի հետ զրույցում ասաց` տպավորված է ծրագրից, սակայն շատ կցանկանար, որ վարչապետը խոսեր եւ լուծում առաջարկեր բնակչությանն հուզող արագաչափերի ու կարմիր գծերի խնդիրների մասին: Իշխանության ներկայացուցչի պնդմամբ` դրանք էլ են կոռուպցիոն երեւույթներ:
«Եթե նոր վարչապետը կարողանա կոռուպցիոն աղմկոտ բացահայտումներ անի, ժողովուրդը կծափահարի նրան: Այս հարցում Ձեզ հետ համաձայն եմ, որ դեռեւս մասշտաբային կաշառակերության դեպքեր հայտնաբերված չեն: Օրինակ, ես կուզենայի վարչապետից երեկ լսել մեր հասարակությանը, բնակչությանը հուզող ամենացավոտ հարցերի` արագաչափերի, կարմիր գծերի մասին, որը անհանգստացնող երեւույթ է մեր հասարակության մեջ: Սա էլ է կոռուպցիայի մի ձեւ, չէ՞: Ես այս հարցերում շատ օբյեկտիվ եմ, կապ չունի` իշխող կուսակցությունից եմ, թե ոչ: Սա համազգային խնդիր է, բոլորիս վերաբերում է»,-ասաց պատգամավորը
Իշխանության ներկայացուցիչը նշեց, որ վարչապետի երեկվա հայտարարություններից հետո հավատում է, որ նա քաղաքական կամք ունի: Նկատել է, որ նա օժտված է նաեւ լայն լիազորություններով, ինչը կամքի առկայության պարագայում իրագործել ի է դարձնում իր իսկ նախանշած առաջնահերթությունները:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով պետք է Կարեն Կարապետյանը այս կարճաժամկետ փուլում արձանագրի շոշափելի արդյունքներ, որ քաղաքացին քվեարկի իշխանության օգտին, ասաց, որ այլընտրանք չկա: Ըստ պատգամավորի` ՀՀԿ-ի ճակատագիրը պարզապես կախված է այս կառավարությունից:
«Եթե մենք չկարողոնանք դա անել, բավականին բարդ իրավիճակ կստեղծվի, իսկ մենք ունենք այդ պոտենցիալը, որ այս վեց ամսվա ընթացքում այնպիսի արմատական բարեփոխումների ցիկլ ապահովենք, որ իրապես ժողովուրդը ընտրի իշխանությանը»:
Թե ինչ կլինի հակառակ դեպքում, Համլետ Հարությունյանը նախընտրեց չկանխատեսել: Պարզապես հիշեցրեց ամենաթարմ օրինակը` Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետի ընտրությունները, որոնք ուրվագծեցին` առաջիկա քաղաքական պայքարը շատ դժվար է լինելու: Ընտրական օրենսգիրքն է կատարելագործվել, կեղծիքների ճանապարհը սահմանփակվել:
«Չեմ կարող ասել` ինչ կլինի հակառակ դեպքում, բայց Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ առաջիկա քաղաքական պայքարը շատ դժվար է լինելու: Ինչպես տեսնում եք այս օրերին խորհրդարանում քննարկվող նոր Ընտրական օրենսգիրքը գնալով կատարելագործվում է, փակվում են բոլոր կեղծիքների ճանաարհը եւ ռեալ բոլոր կուսակցությունների համար նոր ժամանակաշրջան է սկսվում: Նախկինը ջնջեք ու նորը սկսեք»,-խորհուրդ տվեց մեր զրուցակիցը`հավելելով, որ եթե Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը մինչեւ ապրիլյան ընտրություններ ունեցավ հաջողություններ, ուրեմն հաջողություններ կունենա նաեւ «Հանրապետական կուսակցությունը»:
«Առաջ բոլոր կուսակցություններն ասում էին`մենք մեծամասնություն ենք, բայց հիմա կուսակցության ղեկավարները վերապահումով են ասում այդ մասին, բացարձակ մեծամասնությունը շատ դժվար կլինի: Դրա համար պետք է քրտնաջան աշխատել: Նոր կառավարությունից է կախված «Հանրապետական կուսակցության» ապագան` որպես կառավարող կուսակցության»:




























