Մեքսիկայի Ընտանիքի պաշտպանության ազգային ճակատին հաջողվել է 569 հազար ստորագրություն հավաքել նույնասեռական ամուսնությունների դեմ իր միջնորդագրի տակ: Այս մասին հայտարարել է հասարակական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը:

Ճակատի ներկայացուցիչների խոսքով՝ Մեքսիկայի առջեւ ծառացած խնդիրների լուծումը եւ երկրի զարգացումը կախված են ավանդական ընտանիքի, տղամարդու եւ կնոջ կապի ամրությունից:

Մեքսիկայի նախագահը սատարում է նույնասեռական ամուսնությունները եւ առաջարկել է փոխել Քաղաքացիական օրենսգիրքը եւ Սահմանադրության 4-րդ հոդվածը՝ այնտեղ Գերագույն դատարանի որոշումը ներառելու համար, որով թույլ է տրվում ամուսնանալ առանց որեւէ խտրականության:

Մեքսիկայի կաթոլիկ եկեղեցին կոչ է արել մանրակրկիտ ուսումնասիրել այդ նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ «միեւնույն սեռի մարդկանց փաստացի ամուսնությունները կամ կապերը չեն կարող հավասարեցվել ավանդական ամուսնությանը»: