Դեղերի ներմուծումը համապատասխան կոնտրոլ չի անցնում: Հայաստան են մտնում կեղծ դեղեր, այս ոլորտում դուք պետք է SOS բարձրացնեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2015թ. դեկտեմբերի երկուսին Մոսկվայում ստորագրված ՀՀ՝ «ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, աշխարհում ամենամեծ մաֆիան զենքի, անտիկվարիատի եւ դեղերի վաճառքն է. «Մեր երկրում արտադրված դեղերի վրա չի գրվում Made in Armenia, այլ գրվում է Made in Germany, Ռումինիա: Մաֆիան այստեղ է: Այստեղի ցավազրկող դեղրի մեծ մասը ցավազրկող չի: Բժիշկներն իրենք են ասում՝ աշխատեք էստեղի դեղերից չօգտվել, ուրիշ երկրներից բերեք դեղեր: Ամեն անգամ Վրաստանից իմ ընկերների ու հարեւանների համար մեծ քանակությամբ դեղեր եմ բերում: Օրինակ՝ «Կլավիկս» եմ բերում, որը երեք անգամ ավելի էժան է: Եվ գինն է հարմար, եւ որակի մասով ես երաշխավորված: Դեղերի ներմուծումը համապատասխան կոնտրոլ չի անցնում: Դուք ասում եք դրսի կեղծ դեղեր են մտնում Հայաստան, բա ո՞վ է ստուգելու, որ չմտնեն դեղատուն: Հազար կներեք բառիս համար՝ բրախած վիճակ է այս համակարգում»,-ասաց նա:




























