Կարելի է առանձին պատիժ սահմանել տեղամասային տեսախցիկները փչացնելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ-ում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ երկրորդ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով  Ընտրական օրենսգրքում փոփոխություների նախագիծը:

Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համապատասխան առաջարկը՝ Հարությունյանը պարզաբանեց, որ կառավարությունն առաջարկել է Քրեական օրենսգրքում պատժի միջոցներ ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը փչացնելու կամ գողության համար: ՀԱԿ-ն առաջարկում է ավելացնել նաեւ ընտրատեղամասերից հեռարձակման խցիկները փչացնելը:

«Ինքնին գաղափարին իշխանությունը չի առարկում, հարցը միայն տեսախցիկների ավելի հաջող ձեւակերպման մասին է, որպեսզի խոսքը վերաբերի հատկապես Ընտրական օրենսգրքի նոր  փոփոխություններով նախատեսված նկարահանումների խցիկներին»,- պարզաբանեց Հարությունյանը:

Օրինագծով առաջարկվում է բոլոր ընտրատեղամասերում կատարել մշտական նկարահանում եւ այն հեռարձակել օնլայն ռեժիմով: Նկարահանման, փոխանցման եւ տեսանյութի պահպանման կարգը կմշակի  հանձնաժողովը, որտեղ իշխանությունները վճռորոշ ձայն չեն ունենա (կլինի իշխանության 1/3 ներկայացուցիչ, մյուսները՝ ընդդիմությունից եւ քաղաքացիական հատվածից): Այդ հանձնաժողովն էլ կընտրի նկարահանումների օպերատորին: