Այսօրվա դրությամբ գլխավոր հարցն այն է,թե ուր են գնալու «Իսլամական պետության» զինյալները Մոսուլի ազատագրման դեպքում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ, արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Իրավիճակը շատ լարված է։ Մոսուլը ռազմավարական ու քաղաքական շատ կարեւոր նշանակություն ունի»,- շեշտեց Նավասարդյանը։ Նա փաստեց, որ Իրաքը բնականաբար ուզում է ազատագրել քաղաքը։ Ամերիկացիները կարծես ուզում են վրեժխնդիր լինեն ուրիշ ուղղություններով՝ Սիրիայում իրենց ոչ այնքան հաջող գործողությունների համար։ Թուրքիան շատ էր ուզում ամենաակտիվ մասնակցությունն ունենալ ռազմական գործողություններին։ Դրան դեմ էր Իրաքը։
«Իսկ ինչո՞ւ էր Թուրքիան այդքան շատ ուզում մտնել այնտեղ։ Որովհետեւ թուրքը մնում է թուրք՝ նրան շատ դժվար է հեռացնել այնտեղից, որտեղ նա ոտք է դնում։ Այդուհանդերձ, ամենակարեւոր հարցն այն է, թե ուր են գնալու ԻՊ զինյալները, եթե նրանց վռնդեն Մոսուլից։ Ուր ասես կարող են գնալ», - նշեց Արման Նավասարդյանը։ Ընդ որում նա հավելեց, որ ամերիկացիները վտանգավոր քաղաքականություն են վարում, սակայն հույս հայտնեց, որ ընտրություններից հետո իրավիճակը կկարգավորվի։




























