Երեւանում տեղի է ունեցել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) տարածաշրջանային խորհրդակցություն: Հանդիպմանը մասնակցել են 39 երկրների պատվիրակություններ: Նիստին մասնակցել է գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժական վարչության պետ Հովհաննես Մկրտչյանը, հանրապետության անասնաբուժական ծառայությունները վայելում են գործընկեր երկրների վստահությունը, քանի որ երբեք չեն թաքցնում անասունների հիվանդության դեպքերը:
«Որոշ հիվանդություններ, օրինակ՝ դաբաղն այնքան վարակիչ է, որ դրանց հարուցիչները կարող են սահմանները հատել ոչ միայն կենդանի անասունի կամ մսի միջոցով, այլեւ մյուս օրգանական մթերքների: Այդ պատճառով անհրաժեշտ է մշտապես միմյանց տեղեկացնել վիճակի մասին: Մենք հետեւում ենք այդ անհրաժեշտությանը»,- նշեց Մկրտչյանը:
Կազմակերպության շրջանակներում Հայաստանի մասնագետները յուրացնում են Կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական համակարգը (WAHIS), որը նրանց կօգնի հետագա աշխատանքում, հավելեց պաշտոնյան:




























