ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն:

Զորավարժության նպատակներն էին մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ հրամանատարների եւ շտաբերի գործնական ունակությունների կատարելագործումը, մարտական գործողությունների պլանավորման եւ իրականացման ընթացքում ենթակա ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդումը:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի ընթացքում ամբողջ ծավալով իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանողական եւ հարձակողական մարտերի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական եւ պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի եւ միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ:

Առանձնակի ուշադրություն է հատկացվել ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում կատարված ճշգրտումներին եւ նորամուծություների գործնական կիրառմանը:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ավարտական փուլում, զորամիավորման ենթակա զրահատանկային զորամասերից մեկի բազայի վրա անցկացվել է ռեակտիվ հրետանային միջոցներով ուժեղացված գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

Արդյունքների ամփոփման ժամանակ ընդգծվել է, որ զորավարժության բոլոր փուլերին ներգրավված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ եւ հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: