ԱԺ-ում քննարկող Ընտրական օրենսգրքի 1548 հոդվածն ակնհայտորեն ուղղված է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի դեմ, այլեւ քրեական հետապնդման սպառնալիք է հանդիսանում  խախտման վերաբերյալ ահազանգած անձանց նկատմամբ: Այս մասին հայտարարություն են տարածել շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Կառավարության կողմից ներկայացված է 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ընտրական օրենսգրքում հերթական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ընտրական օրենսգրքում փոփոխություններին զուգահեռ, առաջարկվում է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական խախտումների վերաբերյալ հոդվածներում:

Մասնավորապես, առաջարկվում է նոր 1548 հոդվածը, որով նախատեսվում է. «Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների պրակտիկան ցույց է տվել, որ ընտրական խախտումների վերաբերյալ տարբեր ահազանգերի, դրանց վերաբերյալ հրապարակումների ուղղությամբ  իրավապահ մարմինները,  որպես կանոն, գործուն եւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվում դրանք կանխելու, խախտումներ կատարած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ավելին, ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ ահազանգերին  իրավապահ մարմինները անդրադառնում եւ զբաղվում են միայն քվեարկության ավարտից հետո, երբ այդ խախտումներն ավարտված են լինում:

Հետընտրական ժամանակահատվածում ընտրական խախտումների վերաբերյալ հաղորդումների ուղղությամբ կատարված քննությամբ, որպես կանոն, կայացվում է խախտման վերաբերյալ նախապատրաստված նյութերը անհետեւանք թողնելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հաղորդում տված անձանց նկատմամբ տարբեր ճնշումների, բողոքից հրաժարվելուն դրդելու տարբեր միջոցներով:

Նման գործելաոճի պայմաններում, ՀՀ կառավարության հավանությունը ստացած եւ ՀՀ ԱԺ-ում քննարկող հիշյալ հոդվածն ակնհայտորեն ուղղված է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի դեմ, այլեւ քրեական հետապնդման սպառնալիք է հանդիսանում  խախտման վերաբերյալ ահազանգած անձանց նկատմամբ:

Ընտրախախտումների դեմ պայքարն ու կանխարգելումը եւ այս բնագավառում իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը մտահոգության խնդիր դարձնելու փոխարեն նշված օրենսդրական նախաձեռնությամբ ընտրական խախտումների բացահայտման ողջ պարտականությունը դրվում է դիտորդների, լրագրողների եւ վստահված անձանց վրա: Միաժամանակ, նշված հոդվածի ընդունմամբ կսահմանվի ընտրությունների վերաբերյալ քննադատական կարծիքների արտահայտման դեմ քրեական հետապնդման օրենսդրական հնարավորություն, որը կհանդիսանա նաեւ ժողովրդավարական պետությունում տեղեկություններ ստանալու, տարածելու եւ կարծիքի ազատ արտահայտման ակնհայտ ոչ իրավաչափ սահմանափակում:

Սույն հայտարարությամբ պահանջում ենք անհապաղ շրջանառությունից հանել ՀՀ քրեական օրենսգրքում որպես լրացում ներկայացված  1548 հոդվածը ամբողջությամբ, որը  կհանգեցնի ընտրախախտումների ամբողջ զինանոցի անպատիժ եւ լայնածավալ կիրառմանը եւ ընտրական ինստիտուտի ոչնչացմանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ

Գործընկերություն և ուսուցում ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Լոգոս իրավապաշտպան ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Տարածքային զարացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

50/50 քաղաքացիական նախաձեռնություն

Մարդու իրավունքների պաշտպանության Երևանյան կենտրոն ՀԿ

Բամբիռ մշակութային կենտրոն

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Հանրային քաղաքականության ինսստիտուտ ՀԿ

Բիոսոֆիա ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ

Կարեն Թումանյան, փաստաբան