Երեւանի Բուզանդի եւ Լալայանց փողոցների նախկին մի քանի բնակիչներ, որոնց տներն ու բնակարանները 2004թ. բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, կառավարությունից պահանջում են իրենց բնակարանների փոխհատուցումը: Տուժած բնակիչներից տիկին Լարիսան NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ 2004.թ «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները խոստացել են, որ շենքը մինչեւ 2011 թ. պատրաստ կլինի, սակայն, կառուցվող շենքի շինարարական աշծատանքները դադարեցվել են եւ այդ ընթացքում բնակարանի դիմաց իրենց վճարած գումարները ոչ ոք չի վերադարձնում:

«Արդեն քանի տարի է` այս վիճակում ենք, նորակառույցում շենք ձեռք բերելու համար գումար ենք վճարել, սակայն, այդպես էլ շենքի կառուցումն ավարտին չի հասել եւ մեզանից մեր գումարները վերցրել են եւ այդպես էլ չեն վերադարձնում: Պահանջում ենք, որ մեզ վերադարձնեն գոնե այն գումարը, որը մենք բնակարանը ձեռքբերելու դիմաց վճարել ենք: Մենք ընդհանուր 330 բնակիչ ենք »,-ասաց տիկին Լարիսան:

Հիշեցնենք, որ 2004թ. Երեւանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչեւ հիմա փոխհատուցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։