Հայկական արդյունաբերության գլխին հերթական անգամ կախվել է արժեւորվող դրամի սպառնալիքը։ Դրամը սպառնում է 360-ից ցած իջնել եւ հարվածի տակ դնել արտահանումը խրախուսելու կառավարության ջանքերը։ Սակայն կառավարությունում արտաքուստ հանգիստ են։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 20-ին փորձել է նաեւ հանգստացնել որոշ «անհանգիստ» լրագրողների՝ ասելով, որ փոխարժեքը պետք է լինի լողացող, ճկուն եւ ճշգրտվի միայն արդյւնաբերական քաղաքականության կոնտեքստում։ Իսկ քանի դեռ այդպիսի քաղաքականություն չկա, ուրեմն դրամն արժեզրկելու նպատակ նույնպես չկա։ Ավելին, վարչապետը հերթական անգամ փորձել է համոզել, թե դրամը նախորդ տարիներին արժեւորվել է երկնիշ տնտեսական աճի հետեւանքով։ Սակայն տնտեսագիտությունը վաղուց է ապացուցել, որ տնտեսական աճի եւ փոխարժեքի միջեւ ուղղակի կապ չկա։ Բազմաթիվ պետություններ կան, որոնք ազգային արժույթի արժեզրկման պայմաններում ապահովեցին տնտեսության կտրուկ եւ երկարատեւ աճ։ Ոչ այնպիսի, ինչպիսին Հայաստանի աճն էր, որն ընդամենը շինարարական ոլորտի փչված փուչիկն էր։ Հեռու գնալ պետք չի՝ հարեւան Թուրքիայի օրինակը բավարար է։ Թուրքական լիրան տարիներ շարունակ արժեզրկվում էր, իսկ այդ ընթացքում թուրքական տնտեսությունը սահունորեն տեղափոխվեց արդյունաբերական ռելսերի վրա։ Չինաստանի մասին ընդհանրապես չարժե հիշատակել՝ արժեզրկվող յուանը արտաքին շուկաներ նվաճելու նրանց ռազմավարության հիմնաքարն է։
Եւ ընդհակառակը՝ արժեւորվող արժույթի պայմաններում շատ հանգիստ կարող է տեղի ունենալ տնտեսական աճի տեմպերի դանդաղում, ինչպես դա եղավ Եվրոպայում։
Իհարկե՝ որոշ դեպքերում տնտեսական վիճակի բարելավումը դրական է անդրադառնում ազգային արժույթի վրա, հիմնականում ի հաշիվ նրա, որ ներդրողները սկսում են վստահել տեղական արժույթին։ Սակայն Հայաստանի պարագայում սա երկրորդական նշանակություն ունի։ Մեր արժույթը չէր ամրապնդվում ոչ թե այն պատճառով, որ տնտեսական փչված աճ կար, այլ այն պատճառով, որ վարչական միջոցների խստացման հետեւանքով 2003-2008 թթ. տեղի ունեցավ մասնակի ապադոլարիզացիա։
Ո՞րն է մեր կառավարության սխալը։ Այն, որ փոխարժեքը կառավարության կողմից դիտարկվում է բացառապես որպես հետեւանք, այլ ոչ թե որպես պատճառ։ Իբր՝ կան ինչ-ինչ տնտեսական միտումներ, որոնք ազդում են փոխարժեքի վրա։ Իրականում՝ չկա ոչ մի լուրջ տնտեսական գործոն, որը պետք է հանգեցներ դրամի 40 տոկոս արժեզրկման։ Եթե վստահենք ազգային վիճակագրությանը, ապա Հայաստանը երբեք չի ունեցել խիստ դրական կամ խիստ բացասական վճարային հաշվեկշիռ, որը փոխարժեքի վրա ազդող հիմնական գործոններից է։ Ընդհակառակը՝ մեր հաշվեկշիռը հավասարակշռված է, քանի որ տրանսֆերտներն ու վարկերը փակում են արտաքին առեւտրի հսկայական բացասական մնացորդը։
Եթե կառավարությունը փոխարժեքը որպես պատճառ դիտարկեր, կտեսներ, որ 2003 թ. հետո մեր երկրի արտաքին առեւտրի հաշվեկշիռը սկսել է անհուսալիորեն վատթարանալ: 2003-ին մեր առեւտրային հաշվեկշիռը բացասական էր 591 մլն դոլարով, իսկ 2009-ին` արդեն 2.6 մլրդ դոլարով: Իսկ դրամի արժեւորումը սկսեց հենց 2003-ից։ Այսպիսով՝ փոխարժեքը ոչ թե հետեւանք է տնտեսական գործընթացների, այլ ընդհակառակը՝ հանդես է գալիս որպես պատճառ, որպես շարժիչ ուժ։ Եւ եթե Հայաստանի կառավարությունն իսկապես ցանկանում է արտաքին առեւտրի արտասովոր մեծ հաշվեկշիռն ուղղել, ինչն ի դեպ պետք է ցանկանա ցանկացած ողջամիտ կառավարություն, ապա պետք է ջանքեր գործադրի դրամի արժեւորումը կանխելու ուղղությամբ։
Բոլոր այն խոսակցությունները, թե լողացող փոխարժեքից շեղվել չենք կարող, պարզապես ծիծաղելի են։ Ոչ ոք կառավարությանը չի առաջարկում ֆիքսել փոխարժեքը, ինչպես արեցին անցյալ տարի, ու որի պատճառով ֆինանսական շուկայում անոմալիաներ առաջացան։ Բայց փոխարժեքային ավելի ակտիվ, ավելի ճկուն ու խելամիտ քաղաքականություն կարելի է վարել, ու դրա համար բնավ հարկ չկա սպասել, թե երբ է լույս աշխարհ գալու հերթական անհաջող ծրագիրը։ Փոխարժեքային ակտիվ քաղաքականությունը պետք է օգտագործել գոնե տեղական արդյունաբերության վնասները կանխարգելելու համար, այլապես ճիշտ կլինի, որ կառավարությունն ընդհանրապես այլեւս չարտաբերի «ցանկանում ենք խրախուսել արտահանումը» բառակապակցությունը։
Սամվել Ավագյան




























