2010-ի 9 ամսվա տնտեսական արդյունքները շատ տխուր են, տնտեսական աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս, իսկ օգոստոսի համեմատ սեպտեմբերին ՀՆԱ-ի անկումը կազմել է 25 տոկոս: Այսօր` հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Մենք նախորդ տարվա համեմատ մեծ առաջընթաց ունենք, եթե համեմատում ենք մեր հարեւանների հետ: Եթե անցած տարի ԱՊՀ-ում մենք վերջինն էինք, այժմ վերջից երկրորդն ենք»,- հեգնեց նա, նշելով, որ առաջ ենք անցել Ղրղըզստանից:
«Հավանաբար տարին այսպես էլ գորշ փակենք: Տարին երեւի կփակենք 10 տոկոսանոց գնաճի ցուցանիշով: Որը մեզ համար աննախադեպ է: Իսկ բարձր գնաճը որոշակի ազդեցություն է ունենալու թե գալիք տարվա զարգացումների, թե հարկաբյուջետային տվյալների վրա»,- ընդգծեց ԿԲ նախկին նախագահը:
Բ. Ասատրյանն անդրադարձավ նաեւ միջազգային զարգացումներին: «Վերջին շրջանում աշխարհը կանգնած է տնտեսական մի նոր լուրջ վտանգի առջեւ. դա արտարժույթային պատերազմներն են»,- ասաց տնտեսագետը որպես դրա օրինակ ներկայացնելով եվրո-դոլար պատերազմն ու ԱՄՆ- Չինաստան մրցակցությունը:
«Մեր դրամավարկային իշխանություններըւ պետք է որոշակի եզրակացություն անեն դրանից: Նախ պետք է հավասարակշռված քաղաքականություն, պահուստների կառավարման ավելի մտածված կուրս վարեն: Այսօր ոսկու թանկացում է գնում: Ոսկու մեկ ունցիան հասել է 1350 դոլարի, այնինչ Հայաստանը վաճառեց իր ոսկու պաշարները մոտ 300 դոլարով»,- ընդգծեց նա:




























