Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 21-ին մի շարք որոշումներով պարզեցրել է կենդանական ծագման ապրանքների արտահանման եւ ներմուծման ընթացակարգերը։ Մասնավորապես՝ եթե մաքսային սահմանը հատելիս առկա է լաբորատոր փորձաքննության փաստաթուղթը (HACCP կամ ISO), այլեւս սննդի անվտանգության տեսչություն հայտ ներկայացնելու կարիք չի լինի։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ սույն որոշումները միտված են գյուղատնտեսական մթերքի արտահանման բարենպաստ միջավայր ստեղծելուն։

Հայտնի է, որ կենդանական ծագման ապրանքներից Հայաստանից հիմնականում արտահանվում է ոչխար։ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի տեղեկացմամբ՝ այս տարի արդեն իսկ տրամադրվել է 55-57 հազ. ոչխար արտահանելու թույլտվություն, որից 10-15 հազարը՝ տարանցման կարգով։ Գյուղնախարարությունը թույլտվություն չի տալիս մայր եւ երիտասարդ էգ ոչխարների արտահանման համար։