Հնարավոր է՝ Հայաստանն առաջիկա տարիներին անցնի կենսապարարտանյութերի զանգվածային արտադրության։ Խոսքը վերաբերում է հանրապետության գիտական լաբորատորիաներում մշակված «Ազոտովիտ» եւ «Ազոցեովիտ» պարարտանյութերին։  Դրանք 30 տոկոսով ավելի արդյունավետ են, քան հայ գյուղացիների կողմից լայնորեն կիրառվող սիլիտրան (ազոտական պարարտանյութ), բացի այդ՝ հողի կառուցվածքի վրա որեւէ բացասական ազդեցություն չեն թողնում, ինչպես դա տեղի է ունենում սիլիտրայի հաճախակի կիրառման պարագայում։ Ավելին՝ կենսապարարտանյութերը կօգնեն աղակալած հողերի աղազրկմանը, իսկ ինչպես հայտնի է՝ միայն Արարատյան դաշտում մոտ 40 հազ. հա աղակալած հող կա։

Այսօր կառավարությունը հաստատեց «Կենսապարարտանյութերի շուկայի զարգացման ծրագիրը», որը նպատակ ունի աջակցել կենսապարարտանյութերի արտադրությանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ եթե այս տարվա փորձարկումներն էլ բարեհաջող անցնեն, ապա կարելի է խոսել գյուղատնտեսության ոլորտում լուրջ հեղափոխական շրջադարձի մասին։ Համենայնդեպս՝ Հայաստանը կդադարի պարարտանյութ ներմուծել (իսկ տարեկան ներմուծում ենք 30-35 հազ. տոննա սիլիտրա՝ Վրաստանից, Իրանից եւ Ռուսաստանից)։ Վարչապետն առաջարկեց գյուղնախարարին՝ օգտվել առիթից, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի նախագահն այցով գտնվում է Հայաստանում, եւ այդ կազմակերպության հետ համատեղ քայլեր ձեռնարկել պարարտանյութերի արտահանման ուղղությամբ։

Նշենք, որ պարարտանյութերը արտադրվում են Երեւանի մասնավոր կազմակերպությունններից մեկի կողմից եւ փորձարկվել են 65 համայնքների 30 հա հողերի վրա։ Գարնանը դրանք արդեն կլինեն վաճառքում եւ կունենան մոտավորապես նույն գինը, ինչ սիլիտրան։

Կառավարությունը նախկինում էլ պարարտանյութերի տեղական արտադրության հետ մեծ հույսեր էր կապում, սակայն Վանաձորի «Քիմպրոմի» արտադրած կարբամիդը այդպես էլ քննություն չբռնեց։