Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ժան Միշել Հեփիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
ՏՆԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը շնորհավորել է նորանշանակ տնօրենին եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ ՀԲ-ի հետ արդյունավետ, օգտակար համագործակցությունը կշարունակվի:
Կողմերը քննարկել են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հետագա կառավարման հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը (որի կառավարման պայմանագրի ժամկետն ավարտվում է 2011 թ. հոկտեմբերին) վարձակալության հանձնելու եւ օպերատորի ընտրության գործընթացի վերաբերյալ ՀԲ-ի թիմի առաջարկներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներում ներգրավել նաեւ ՀԲ-ի խորհրդատուի, որը կառավարությանը կօժանդակի վարձակալության հանձնման գործընթացը նախապատրաստելու, պայմաններն ու պարտավորություններն ամրագրելու հարցում:
Քննարկվել են նաեւ ոլորտում կապիտալ ներդրումների եւ նպատակային ծրագրերի իրականացման համար ՀԲ-ից միջոցների ներգրավման հնարավորությունները:



























