Հունաստանում արհմիությունների որոշմամբ լրագրողները հոկտեմբերի 25-ին 5-ժամյա գործադուլ կանեն՝ բողոքելով իրենց իրավունքների ոտնահարման դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Գործադուլին մասնակցում են բոլոր մասնավոր, պետական եւ հանրային լրատվամիջոցներում, մամուլի ծառայություններում աշխատող լրագրողները»,– ասված է Աթենքի օրաթերթերի խմբագրերի միության հայտարարության մեջ։

Լրատվամիջոցներն իրենց աշխատանքը կդադարեցնեն տեղական ժամանակով ժամը 11։00-16։00 (Երեւանի ժամանակով ժամը 12։00-17։00)։

Գործադուլը կազմակերպվում է Հավելյալ կենսաթոշակային, ապահովագրության եւ օգնության  ապահովման միասնական լրագրողական կազմակերպության ժողովի պատճառով, որտեղ քննարկվելու է լրագրողների ապահովագրության հարցը։

Նշենք, որ Հունաստանը միջազգային վարկատուների պահանջով ստիպված է երկրում կոշտ տնտեսական քաղաքականություն վարել՝ կրճատելով բյուջեի ծախսերը։