Վանաձորում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացած 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները բողոք են ներկայացրել Վանաձորի ծննդատան բժիշկերի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած ծննդկանի եղբայրը` Հրանտը: Նա նշեց, որ իր քույրը մահացել է բժիշկների անտարբերության պատճառով եւ իր քրոջ մահվան մեջ մեղավոր բոլոր բժիշկները պատասխան տան, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

«Թող բացահայտեն մեղավորներին, մենք մինչեւ վերջ բողոքելու ենք եւ պահանջելու, որ պատասխան տան մեղավորները, նրանք ամենախիստ պատժին պետք է արժանանան»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Նազլուխանյանը:

Մահացած ծննդկանի եղբայրը նշեց, որ քույրն ամուսնացել էր 3 տարի առաջ եւ իր առաջնեկին անհամբերությամբ էր սպասում, որին այդպես էլ չհասցրեց գրկել:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դժվարացել էր պատասխանել՝  ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել  դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Նշենք, որ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:

Ավելի վաղ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդականը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:

Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը  հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: