ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր  տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ ակնկալիքներ ունենք այս հիմնադրամից, վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են այս ոլորտում եւ առաջարկել  դրանց լուծման ուղիները»,-ողջունելով նիստի մասնակիցներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներին` նախարարը շեշտել է, որ արդյունավետ աշխատանքի ապահովման համար այն պետք է ակտիվորեն համագործակցի ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածի հետ: Նախարարը նշել է, որ հիմնադրամի աշխատանքներում ընդգրկեն նաեւ Խաղողագործների միության անդամներին:

Ներկայացնելով խաղողագործության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը` նախարարը, մասնավորապես,  տեղեկացրել է, որ Պարենի եւ գյուղատնտեսդության կազմակերպության (FAO) կողմից ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փորձնական «Ֆիլոքսերավարակի նկատմամբ կայուն պատվաստակալների աճեցման» ծրագրով հիմնվել է տնկարան, որում ներկայացված են խաղողի ֆիլոքսերակայուն տնկիներ:

Այնուհետեւ խորհրդի անդամները ներկայացրել են առաջարկներ խաղողագործության եւ գինեգործության ոլորտների զարգացման վերաբերյալ: Մասնավորապես, նրանք ընդգծել  են Հայաստանում գինեգործական տուրիզմի խթանման կարեւորությունը` նշելով, որ այսօր մեր երկրում ստեղծվել են բավարար նախադրյալներ գինու տուրիզմի զարգացման համար: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խաղողի մթերման կազմակերպմանը: Շեշտելով, որ այսօր իսկ հարկավոր է միջոցներ ձեռնարկել հաջորդ տարվա ընթացքում մթերումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար` նախարարն առաջարկել է, որպեսզի խաղող վերամշակող ընկերությունները գալիք տարվա մարտ-ապրիլին կազմեն խաղողի մթերման պահանջարկի վերաբերյալ հաշվարկներ, սկսեն պայմանագրեր կնքել խաղողագործների հետ, որպեսզի նախապես հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խաղողի ավելցուկի իրացման  խնդիրը լուծել ուղղությամբ:   

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գինու մշակույթի ձեւավորման, զարգացման եւ առաջմղման հարցերը: Այդ նպատակով նախատեսվել է Երեւանի կենտրոնում կազմակերպել հայկական գինիների ցուցահանդես-համտես եւ պատրաստել «Հայաստանը` գինու պատմական երկիր» խորագրով  տեսանյութեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ օրենսդրական դաշտի բարելավման խնդրին: 

Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության եւ արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը: