ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության  մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, եւ անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու եւ խաղողի այգիները, ինչպես նաեւ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Հնարավոր վնասները կանխելու եւ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել է անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ եւ օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետեւել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները`  խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

Լրացուցիչ հարցերի դեպքում  հողօգտագործողները կարող են դիմել  գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին. կոնտակտային տվյալներն առկա են նախարարության պաշտոնական կայքէջում:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաեւ 2017 թվականին` գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար: