«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ս.թ. հոկտեմբերի 28-ին բանկի գլխամասային գրասենյակում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի նպատակն է Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին ապահովագրել գնորդի չվճարումից՝ պայմանավորված առեւտրային եւ քաղաքական ռիսկերով: Դրա արդյունքում արտահանողները ֆակտորինգային ֆինանսավորում ստանալիս ոչ միայն հնարավորություն են ունենում արտահանված ապրանքների դիմաց ստանալ վաղաժամկետ վճարում՝ մեծացնելով շրջանառու միջոցները, այլ ապահովագրված են լինում գնորդի հետագա հնարավոր անվճարունակությունից: Ֆակտորինգը ստանալով արտահանման պայմանագրի արժույթով՝ միաժամանակ հնարավորություն է ստեղծվում չեզոքացնել արտարժույթի տատանման ռիսկերից հնարավոր բացասական արդյունքը։
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում ֆակտորինգային ֆինանսավորման ուղղությամբ, ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով բանկի ֆակտորինգային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 50 մլն ԱՄՆ դոլար, որի շուրջ 80%-ը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին: Այս համաձայնագրի ստորագրումը մեզ հնարավորություն կտա առավել պարզեցված գործընթացով եւ զսպված ռիսկերով իրականացնել ֆակտորինգային ֆինանսավորումը, ինչը կնպաստի Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը, հետեւաբար եւ հանրապետություն մուտք գործող ֆինանսական հոսքերի աճին»:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը նշեց. «Ամերիաբանկի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում գործակալության ծառայությունների շահառու հանդիսացող արտահանողներին առավել արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը արտահանմանը հաջորդող տարաժամկետ վճարման փուլում, ավելացնել արտադրության ծավալները, ինչպես նաեւ, լինելով ապահովագրված օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, բացահայտել նոր շուկաներ։»
(4).jpg)




























