Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. եւ´ մարդկանց կսովորեցնեք, եւ´ դուք կշահեք, եւ´ եկամուտ կունենաք: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երեւան շոու-2016» ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես այցելության ժամանակ՝ դիմելով ցուցահանդեսի մասնակիցներին նշել է ՀՀ վարչապետԿարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային եւ մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից:

Հայրենական եւ արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ոսկերչական իրերին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, արտադրանքի սպառման ու արտահանման ծավալներով, զարգացման ծրագրերով։

Ողջունելով թե´ տեղական, թե´ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ վարչապետը միաժամանակ կարեւորել է գործնական բիզնես ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանում արտադրություն հիմնելու, մասնագետներ պատրաստելու եւ աշխատատեղեր ստեղծելու, արտադրանքի ծավալն ավելացնելու, շուկան ընդլայնելու եւ դրանով իսկ ոլորտի հետագա զարգացումը խթանելու գործում:

«Եթե դուք այստեղ հարկային արտոնություններ ունեք, եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը: Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. եւ´ մարդկանց կսովորեցնեք, եւ´ դուք կշահեք, եւ´ եկամուտ կունենաք», - նշել է վարչապետը եւ հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ակտիվ համագործակցել ոսկերչական ընկերությունների հետ:

Վարչապետը ծանոթացել է նաեւ Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի արհեստագործական հոսքի սաների պատրաստած աշխատանքներին: Նշվել է, որ հոսքը գործում է այդ աշխատանքների վաճառքից ստացվող հասույթի հաշվին: Ողջունելով աշակերտների կատարած աշխատանքը եւ տեղեկանալով, որ հոսքի հետագա գործունեության համար հաստոցի կարիք կա՝ Կարեն Կարապետյանը խոստացել է նվիրել այն դպրոցին:

Նշենք, որ «ՋՈՒՆՎԵՔՍ Երեւան շոու-2016» միջազգային ոսկերչական ցուցահանդեսն անցկացվում է Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցության (AJA) կողմից` ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ ՀՀ կառավարության աջակցությամբ: Ցուցահանդեսի նպատակն է՝ աջակցել ոսկերչության զարգացմանը, ոլորտում միջազգային համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը, նոր գաղափարների եւ ծրագրերի կյանքի կոչմանը: