Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պարզապես գովազդային «տրյուկ» է անում՝ Գյումրի- Մոսկվա չվերթների համար 10 հազար դրամ սակագին սահմանելով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
«Իմ կարծիքով, 5-10 տեղ լատարեի նման կվաճառեն, մնացած տեղերն էլ նույն գներով, ինչ-որ կա, ուղղակի հանած 10 հազար օդի հարկը: Բոլոր տոմսերն այդ գնով չեն լինի, մի քանիսը կլինեն, կամ կվաճառվեն միայն յուրայիններին: Ըստ իս, այստեղ այլ հարց կա. Հայաստան է մուտք գործում ռուսական ընկերություն, դա է կարեւորագույն խնդիրը, նշանակում է՝ մենք եվրոպական բյուջետային ավիափոխադրողներին այդպես էլ չտեսանք»,- ասաց Շահեն Պետրոսյանը:
Ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի՝ «Պոբեդան» նման գներ չի սահմանել՝ «Արմենիա» ավիաընկերությանը շուկայից դուրս մղելու համար, ինչպես որ շատերն են կարծում: Շահեն Պետրոսյանը նախ հիշեցրեց, որ «Արմենիա» ավիաընկերությունը հայկական չէ, վրացական է եւ եթե ցանկանային դուրս մղել, չէին գրանցի այն այստեղ որպես հայկական ընկերություն:
«Եվ երկրորդ՝ «Արմենիա» ավիաընկերության հանգամանքն ավանտյուրա եմ համարում: Արծակախնդրություն է դա, քանի որ այն վրացական դրոշով է թռչում: Այստեղ խնդիրը այն է, որ մենք այդպես էլ չստեղծեցինք մեր հայկական փոխադրողին: Պետք է այդ պատճառներն իմանանք: Ինչո՞ւ կառավարությունը կամ իշխանությունը չի ուզում պարզել՝ ինչու հայկական փոխադրողները սնանկացան եւ մեծ պարտքեր թողեցին: Իսկ հայկական ավիաուղիներն ընդհանրապես վերացրին ու սնանկացրին արհեստականորեն, որ ռուսական շահերն ապահովեն: Այս իշխանությունն ընդամենը ռուսական շահեր ապահովող է»:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սրավ վերաբերյալ մասնավորապես հայտարարել էր. «Ավիաընկերության կայքում նշվում է, որ տոմսերի արժեքը սկսվում է 999 ռուբլուց։ Հիմա դա պետք է որ 7500 դրամ լինի։ Կարծում եմ, որ այդ գները կգործեն եւ դեպի Հայաստան ուղղությունների համար։ Հարց այն է, որ դա ֆիքսված գին չէ, այլ «սկսած»։ Կա վերին շեմ, որը չպետք է շատ բարձր լինի, եթե ընկերությունը ներկայանում է որպես բյուջետային»։




























