Ուզում ենք, որ սփյուռքն առավել ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի տնտեսական կյանքում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի եւ Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ԱՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը եւ ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Վարչապետը ողջունել ու կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի հայանպաստ գործունեությունը, որն ուղղված է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը եւ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները շնորհավորել են Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ ԱՀՀ-ն կշարունակի ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման եւ համահայկական ծրագրերի իրականացման:

Վարչապետը նշել է, որ կառավարության այսօրվա ծրագիրը նախատեսում է արագընթաց բարեփոխումներ՝ ներգրավելով համայն հայության ողջ ներուժը: Կառավարության ղեկավարն առաջնահերթ է համարել ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ՝ հատկապես գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Կարեւորելով Հայաստան-Սփյուռք կապերի ներգրավումը տնտեսության ոլորտային զարգացման գործում՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է։

«Երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ, եւ կառավարությունը պատրաստ է  ստանձնել  Հայաստանում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը, աշխատել միջազգային ներդրողների հետ՝ ապացուցելու համար, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ եւ, պարզապես, շահավետ։ Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքում մենք ուզում ենք տեսնել առավել ակտիվ ու նպատակային, ուզում ենք որ մասնակից դառնաք մեր ծրագրերին՝ ոչ միայն բարեսիրական ու ներդրումային նախաձեռնություններով, այլեւ կառավարման նոր մշակույթ բերելու առումով, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու առումով»,– ասել է վարչապետը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորմանը, հայապահպանությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԱՀՀ-ի միջեւ համագործակցության ծրագրերին վերաբերող հարցեր: