Վանաձորում «Չինավան» ՍՊԸ-ն գյուղատնտեսկան տեխնիկա  է արտադրում Հայաստանի Ագրարային համալսարանի դասախոսների գծագրերով: NEWS.am-ի հետ զրույցում գործարար Սամվել Նաջարյանը պատմեց, որ ԲՈՒՀ-ի նախագծերով արդեն 2 տեսակ տեխնիկա է արտադրվում՝ տրակտորների կցորդներ, որոնք անհրաժեշտ են պտղատու այգիների, եւ երկրորդը՝ խաղողի այգիների հողը մշակելու համար:

Մեքենաներից մեկը փխրեցնում է ծառի շուրջբոլորը, ոռոգիչ առու է փորում, քաղհանում է խոտը: «Այդ ամենը մի մեքենա է անում: Իսկ թե որքան կարեւոր է խոտը կտրելը, բոլորը գիտեն: Աշանը՝ բերքահավաքից հետո, այգին չորանում է: Իսկ եթե խոտ մնա, մի կայծն էլ բավական է ամբողջ այգին հրդեհելու համար: Իսկ մի մեքենան ծառը տակփոսիկ է անում, հողը քարերից ազատում, խոտը քաղում, որ ջրի»,- նշեց Նաջարյանը:

Երկրորդ մեքենան խաղողի վազերի միջնային մշակության մեքենա է:

Նոր տեխնիկան ձեռք է բերել արդեն մոտ 20 խաղողագործ եւ այգեգործ:

«Դետալներն ամբողջովին տեղում ենք արտադրում: Գործարանում ունենք մետաղի համար անհրաժեշտ բոլոր հաստոցները: Ուզում ենք ընդլայնել արտադրությունը: Դրանից եկամուտ են ստանում նաեւ մեր աշխատողներն ու Ագրարային  համալսարանի դասախոսները: Մենք նրանց ասացինք՝ դուք գիտեք, թե ինչ տեխնիկա է պետք գյուղացուն: Գծեք եւ բերեք: Մենք կարտադրենք, իսկ վաճառքից ստացված եկամուտը կկիսենք: Խոսքը պահում ենք»,- ասաց Նաջարյանը: