Ազատամարտիկների դաշինքը անտարբեր չի լինելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին, այս շաբաթ նիստ է հրավիրելու եւ քննարկելու է  անելիքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  դաշինքի վարչության անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

Նշենք, որ քաղաքական ուժերից դեռեւս միայն  ընդդիմադիր  Հայ ազգային կոնգրեսն է հայտարարությամբ հանդես եկել, որ 2017-ի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դրել ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանություն ձևավորել եւ ժողովրդավարության հաստատել:

Հարցին` պատրա՞ստ է Ազատամարտիկների դաշինքը սատարել ընդդիմադիր ուժին, որի հետ դեռեւս 2014-ին լծվել էր իշխանափոխության, Պետորսյանը պատասխանեց.

«Իհարկե, դաշինքն անտարբեր չի մնա ընտրությունների հանդեպ, լինելու ենք այն ոչ իշխանական քաղաքական ուժի հետ, որը կլինի ժողովրդի կողքին ու իր ծրագրերով հույս կներշնչի երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ»:

Կոնկրետ Կոնգրեսին սատարելու հարցում ազատամարտիկը զլացավ տեսակետ հայտնել` նշելով, որ դա կարող  լինել միայն առաջիկայում հրավիրված նիստից հետո, որի ժամանակ ընտրություններին ակտիվանալու ձեւաչափն էլ կքննարկվի:

«Հայ ազգային կոնգրեսը ամբողջ հանրապետությունում ժողովրդի մեջ իր դերն ու հեղինակությունն ունի: Ժամանակը ցույց կտա` ինչ կլինի,  մինչեւ նոյեմբերի վերջ երեւի կհստակեցվի` ինչ խմբեր կձեւավորվեն, դաշինքներ ու ինչ կինի: Խորհրդի նիստ կհրավիրենք ու կորոշվի` որ ուժին սատարենք, քանի դեռ  հարցը դաշինքը չի քննարկել, որեւէ բան բարձրաձայնել չեմ կարող: