Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի պետական ագրարային համալսարան եւ համալսարանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր ուղղել բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին։ Երկրի ղեկավարը մասնավորապես ասել է.

«Երեւանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հիման վրա ստեղծված, այնուհետեւ ձեր համալսարանում միավորված երկու ինստիտուտները մշտապես եղել են մեր երկրի կարեւորոագույն  ուսումնական հաստատություններից։ Անկասկած, Հայաստանի զարգացման գործում անուրանալի է այս երկու ինստիտուտների շրջանավարտների դերը։ Մենք չէինք կարող ունենալ այսպիսի Հայաստան առանց ձեր մասնակցության, առանց այս բուհի շրջանավարտների ու նաեւ դասախոսների։

Փոխվում են ժամանակները, եւ այսօր ձեր առջեւ նոր պահանջներ կան։ Վստահ եմ, որ դուք, համադրելով 80 տարիների կրթական փորձն ու ու ժամանակակից գիտությունը, կարող եք գտնել խնդիրների լուծման բանալիները։ Իսկ որ խնդիրներ մեր երկրում եւ մասնավորապես ագրարային հատվածում շատ-շատ են, որեւէ մեկը, կարծում եմ, չի կասկածում։ Մաղթում եմ, որպեսզի դուք մշտապես պահանջված լինենք մեր երկրում, մաղթում եմ, որպեսզի դուք ամենացանկալի հյուրը լինեք մեր գյուղական շրջաններում։ Ձեր մանագիտությունն այնպիսին է, որ պետությունը եւ մասնավոր հատվածը շահագրգռված են, որպեսզի դուք ունենաք բարձր մասնագիտական որակ, որպեսզի կարողանաք լուծել եղած խնդիրները, միեւնույն  ժամանակ կարողանաք ցույց տալ,որ այո, ազնիվ աշխատանքով՝ դասախոսելով, գյուղատնտեսությամբ զբաղվելով, կարելի է արժանանապատիվ կյանք վարել,  լուծել բոլոր սոցիալական խնդիրները։

80 տարին ցանկացած բուհի համար երկար ժամանակ է։ Ես վստահ եմ, որ դուք անցնելու եք շատ տասնամյակներ, եւ ձեր ճանապարհը լինելու է շատ լայն, այդ ընթացքում դուք հաղթհարելու եք բոլոր խոչընդոտները, եւ երբ նշեն այս հաստատության 180-ամյակը, ասելու են, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի պետական ագրարային համալսարանն ունեցել է անփոխարինելի դեր։

Շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում»:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով կրթության եւ գիտության բնագավառներում նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ միջոցառման ընթացքում պարգեւատրվեցին «Անանիա Շիրակացի» մեդալով։ Նրանք են՝

Գյուղատնտեսական կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնի վարիչ Վոլոդյա Աբրահամյան, գյուղատնտեսական մեքենայացման եւ տրանսպորտային փոխադրումների ֆակուլտետի դեկան Նորիկ Բազիկյան, համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնի պրոֆեսոր Սուրեն Գրիգորյան,  հիդրոտեխնիկական կառուցվածքների եւ մելիորացիայի ամբիոնի վարիչ Սարգիս Ղազարյան, ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Տաիրա Պապոյան։