Սարի թաղի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 31–ին, բողոքի ակցիա են արել Բաղրամյան 26-ի դիմաց: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ նրանք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք կալանավորված են հուլիսի 19–ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում։

Ցուցարարներն իրենց հետ բերել էին այն ոստիկանների լուսանկարները, որոնք, նրանց խոսքով, հրահրել էին Սարի թաղում տեղի ունեցած վեճը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը սույն թվականի հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: