2017-ին ՀՀ Կառավարությունը ակնկալում է գնաճի արագացում՝ 0․1 տոկոսից մինչեւ 2․4 տոկոս։ Այս մասին ասված է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ լսումները սկսվել են ԱԺ-ում հոկտեմբերի 31-ին։
Ֆինանսների նախարարության ակնկալիքներով : 2016 թ. մինչեւ տարեվերջ կպահպանվի ցածր գնանկումային միջավայր։ 2016-ի դեկտեմբերին 12 ամսյա գնաճը կկազմի 0․1 տոկոս։ Իսկ 2017-ին ՀՆԱ աճին համընթաց ( 2․4 տոկոսից 3․2 տոկոս) գնաճն էլ կաճի ու կմոտենա թույլատրելի միջակայքի ստորին սահմանին (4±1.5)։ Համեմատության համար՝ 2015-ի դեկտեմբերին 12 ամսյա գնաճը նույնիսկ բացասական էր՝ մինուս 0․1 տոկոս հիմնականում կանխավճարների հաշվին։
Մինչեւ տարեվերջ, ՀՆԱ դեֆլյատորի աճ չի կանխատեսվում, իսկ 2017 թվականին, դեֆլյատորը կկազմի շուրջ 101.7%:
2017-ին տնտեսության աճի հետ մեկտեղ ակնկալվում է ոչ միայն գնաճի այլեւ վերջնական սպառման աճ։ Եթե 2015 թ. տնօրինվող եկամտի իրական նվազման պայմաններում վերջնական սպառումը իրական արտահայտությամբ նվազել է 6.3%-ով, 2016 թ. ակնկալվում է սպառման 2.8% իրական աճ՝ պայմանավորված մասնավոր սպառման աստիճանական վերականգնմամբ: 2017 թ. տնտեսական աճի տեմպերի արագացման, տնօրինվող եկամտի աճի եւ 2016 թ. իրականացված խթանող դրամավարկային քաղաքականության ազդեցության պայմաններում կանխատեսվում է սպառման 3.4% իրական աճ:




























