Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 22-ին, հանրության դատին է ներկայացրել իր գործունեության եռամյա ռազմավարությունը։ Այս փաստաթղթի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է այն պատճառով, որ հաջորդ տարվանից Հանձնաժողովի իրավասություններն ու լիազորությունները կտրուկ կընդլայնվեն։ Համենայնդեպս, ըստ մեր տեղեկությունների, նախարարների կոմիտեն հավանություն է տվել օրենսդրական այն նախաձեռնությանը, որը Հանձնաժողովի կողմից դրվել էր շրջանառության մեջ։ Շուտով օրենքի այդ նախագիծը կհաստատվի կառավարության նիստում եւ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Դրանում նախատեսվում է ոչ միայն խստացնել պատիժները մրցակցության կանոնները խախտող ընկերությունների նկատմամբ, այլեւ Հանձնաժողովին օժտել լրացուցիչ լիազորություններով։

Մասնավորապես՝ Հանձնաժողովը ստուգումներ կատարելու իրավասություն կստանա՝ անկախ վարույթ հարուցելու հանգամանքից։

Նկատենք, որ նմանատիպ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվում են տարածաշրջանի այլ երկրներում եւս։ Հարեւան Վրաստանում նույնպես մրցակցության պաշտպանության մարմնին ստուգումներ կատարելու լիազորություն են տրամադրելու։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ գերիշխող դիրք գրավող սուբյեկտներն այն աստիճան հզորացել են, որ ոչ մեծ հանձնաժողովներն իրական պայքար մղել նրանց դեմ ի վիճակի չեն։ Մյուս կողմից՝ փորձագետների մի մասը զգուշացնում է, որ հանձնաժողովներին լրացուցիչ լիազորություններով օժտելը կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկեր։