Այն բանից հետո, երբ Facebook –ում հրապարակվել է իսլամի սրբությունները ծաղրող նկար, Բանգլադեշի արեւելքում սկսվել են անկարգություններ, որոնց հետեւանքով ավերվել են հինդուիստական տաճարներ, ձերբակալություններ են եղել ու զորքեր են մտցվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

«Ֆրանս Փրես» գործակալությունը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ի երեկոյան անկարգութուններ են բռնկվել Նասիրնագար քաղաքում, որի հինդուիստական համայնքի ներկայացուցիչներից մեկը սոցցանցում ֆոտոկոմպոզիցիա էր տեղադրել, որտեղ հինդուիստական աստվածությունը պատկերված էր Մեքայում Կաաբա սրբազան քարի ներսում։

Համայնքի ավագանիներից մեկը պատմել է, որ մուսուլմանները հարձակվել են 15 հինդուիստական տաճարների վրա, ջարդել աստվածությունների քանդակները։ «Նրանք նաեւ այրել են 8 խանութ ու վնասել 200 տուն։ Դիմադրություն ցուցաբերելիս առնվազն 150 մարդ է վիրավորում ստացել», հավելել է նա։

Քաղաքի ոստիկանապեստ Աբդուլ Քադերը հայտնել է, որ Facebook –ում այդ սադրիչ հրապարակման հեղինակը կալանավորված է, իսկ հրապարակումն էլ հեռացված է սոցցանցից։

Կալանավորվել են նաեւ անկարգությունների ինը ենթադրյալ կասկածյալներ։

Բանգլադեշի 160 միլիոնանոց բնակչության 10 տոկոսը հինդուիզմ է դավանում, իսկ մնացածը մուսուլման է։