Իսպանիայում կայացել է նոր վարչապետի՝ պահպանողական «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Մարիանո Ռախոյի երդմնակալությունը։ Երդմնակալության արարողությունն անցել է թագավորական Սարսուելա նստավայրում միապետ Ֆիլիպ 6-րդի ներկայությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռախոյը, ձեռքը դնելով Սահմանադրության վրա, որի կողքին նաեւ Աստվածաշունչն էր, երդվել է «բարեխղճորեն կատարել իր պարտականությունները ու հավատարմություն պահպանել թագավորին ու սահմանադրությանը»։

Ակնկալվում է , որ վարչապետը նոր կառավարության կազմը կներկայացնի հինգշաբթի։

Հոկտեմբերի 29-ին Պատգամավորների կոնգրեսը երկրորդ քվեարկության արդյունքներով վարչապետի պաշտոնի համար հաստատել է Ռախոյի թեկնածությունը։ Իսպանիան ավելի քան 10 ամիս չուներ մշտական կառավարություն, քանի որ խորհրդարան մտած կուսակցություններին չէր հաջողվում պայմանավորվել կառավարություն ձեւավորելու շուրջ։ Այդ ժամանակահատվածում երկրում երկու անգամ ընտրություններ են կայացել՝ դեկտեմբերին ու հունիսին։ Եթե մինչեւ հոկտեմբերի 31-ը քաղաքական ուժերը համաձայնության չգային, ստիպված էին լինելու երրորդ քվեարկությունն անցկացնել։