ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն Մեծ Բրիտանիային եւ ԵՄ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանց տնտեսությունները պահպանեն ինտեգրացիայի բարձր մակարդակն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Նախարարն ընդգծել է, որ Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ  համաշխարհային տնտեսության շահերից է բխում թափանցիկ, հարթ եւ համակարգված պրոցեսը, որը կհանգեցնի տնտեսական հարաբերություններում ինտեգրացիայի բարձր մակարդակի»,- ասել է Լյուն եւ հավելել, որ ԱՄՆ-ը նախկինի պես մտադիր է պահպանել առանձնահատուկ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ եւ սերտ գործընկերությունը՝ ԵՄ-ի հետ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ կազմից դուրս գալու հարցով երկամյա պաշտոնական բանակցությունները սկսելու է եկող տարվա սկզբից, սակայն շատ ընկերություններ մտահոգված են, որ նա ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների համար կոնկրետ նպատակներ չի դրել: