Հայաստանում գործում է 496 հակակարկտային կայան, սակայն շատ ավելին է անհրաշեշտ՝ 5 հազար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին: Այժմ դրանք ծածկում են երկրի տարածքի միայն 8,9 տոկոսը:
Գործող կայանների գրեթե կեսը տարերայնորեն տեղակայվել է տարբեր տարիներին: Ինչ-որ մեկն այն տեղակայել է գյուղում իր տան մոտ, կամ գյուղապետարանը որոշել է տեղակայել որտեղ պատահի: Սակայն դրանք պետք է որոշակի համակարգվածությամբ տեղակայել, որտեղից գալիս են կարկտաբեր ամպերը, նշել է նախարարը: Չպետք է նաեւ պատահաբար կրակել, հավելել է նա: «Չի կարող ամուսինը բակ դուրս գալ եւ կնոջն ասել՝ Սիրանուշ, մի հատ ամպերին կրակի, տեսնենք ինչ կլինի: Կատակ է, իհարկե: Բայց ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Այդ կայանները պետք է մասնագետները կառավարեն: Չհամակարգված կրակոցների դեպքում ամպը կարող են հեռացնել մեկ այլ գյուղի կողմը կամ նույնիսկ անվաս ամպը կարկտաբեր դարձնել»,- պարզաբանեց Երիցյանը:
Կայանները պետք է կառավարվեն ռադիոտեղորոշման համակարգերի կողմից: Խորհրդային տարիներին՝ մինչեւ 1992 թվականը Հայաստանում կար 11, այժմ մնացել է միայն 2՝ Արագածոտնի եւ Լոռիի մարզերում:
Այդպիսով մազերի համար անհրաժեշտ է եւս մի քանի ՌՏԿ (իսկ յուրաքանչյուրն արժե 1,5 մլն դոլար) եւ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հակակարկտային կայաններ (3,5 – 4,5 մլն դրամ արժեքով, այսինքն՝ մոտ 8,5 հազար դոլար – խմբ.), նշեց նախարարը:




























