Թուրքիայի իշխանությունները պետք է վերականգնեն երկրում խոսքի ազատությունն ու բազմակարծությունը: Լրագրողների շարունակական ձերբակալությունները դատապարտման են ենթակա, ասել է ԵԱՀԿ՝ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Նա դատապարտել է Cumhuriyet-ի աշխատակիցների նկատմամբ հետախուզումը, փոխանցում է RIA Novosti-ն:

«Լրատվամիջոցների աշխատակիցների ձերբակալությունների վերջին ալիքը նոր հարված է Թուրքիայում մամուլի ազատությանը: Իշխանությունները պետք է վերականգնեն մամուլի ազատությունը եւ ապահովեն երկրում դինամիկ եւ բազմակարծիք մեդիա լանդշաֆտը»,- ասված է Միյատովիչի հայտարարության մեջ:

Նա նաեւ  նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը Թուրքիայում օգտագործվում է  մամուլի ազատության սահմանափակումների համար: